《Գաթայի》փառատոն Խաչիկ գյուղում

Սեպտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում գրանցվեց 《համեղ》 ռեկորդ:Այնտեղ թխեցին պատմության մեջ ամենամեծ գաթան։ Այս իրադարձությունն, իհարկե, չէր կարող վրիպել Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ ադասարանի աշակերտների ուշադրությունից։ Նրանք, նախապատրաստված, սեպտեմբերի երեսունի վաղ առավոտյան ուղևորվեցին դեպի Խաչիկ՝ մասնակցելու այդքան հայտնի և մեծ փառատոնին։
Միջոցառումները սկսվեցին ուղիղ կեսօրին՝ ազգային երգ ու պարով։ Ողջույնի խոսքով հանդես եկավ գյուղի գյուղապետը։ Գաթայի օրհնման արարողությունից հետո հյուրերին պատմեցին հին Հայաստանում գաթայի թխման ավանդույթների մասին։ Պարզվում է, որ հնում գաթան համարվել է ընտանիքի, համերաշխության, երջանկության խորհրդանիշը, այդ իսկ պատճառով գաթայի թխման գործընթացին մասնակցել են ընտանիքի բոլոր անդամները, շատ դեպքերում գաթա թխել են մի քանի ընտանիքներ միասին։ Գաթայի մեջ գցում էին լոբու հատիկներ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում էր ընտանիքի անդամներից մեկին։ Գաթան կտրում էին ընտանիքի արու զավակի մեջքին։ Սա ենթադրում էր առատ ու բարեբեր տարի, ինչպես նաև առողջություն ու տան ջերմություն։ Յուրաքանչյուր աղջիկ պետք է անպայման կարողանար գաթա  թխել, հակառակ դեպքում սա խայտառակություն էր ոչ միայն նրա հայրական տան, այլ նաև այն ընտանիքի համար, որտեղ հարս էր գնացել:
Այս փառատոնը Խաչիկում անց է կացվում արդեն չորրորդ անգամ և, հետևաբար, ըստ ավանդույթի՝ գաթայի տրամագիծը կազմում էր չորս մետր։ Այն թխել էին ամբողջ գյուղով և մաս-մաս հավաքել։ Խաչիկում գաթան թխում են հին մեթոդներով, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։ Գաթայի համար օգտագործվել էր 300 կգ ալյուր, 150 կգ տնական յուղ և նույնքան էլ շաքարավազ, մոտ հարյուր ձու, 50 կգ տնական թթվասեր։ Խաչիկ գյուղի գյուղացիները նպատակ ունեն 2018 թվականին գերազանցել սեփական ռեկորդը և թխել հինգ մետր տրամագծով գաթա։ Գյուղացիների համար փառատոնը հնարավորություն է ի  ցույց դնելու սեփական տաղանդները և գործնական կապեր հաստատելաշխարհի հետ։ Տուրիստական ընկերությունները հաջորդ տարի պատրաստվում են այստեղ բերել գուրմաններ։ Չենք կարող նաև չնշել տարեց մի կնոջ խոսքերը, ով ամբողջ տարի անհամբերությամբ է սպասում այս գեղեցիկ փառատոնին, քանի որ իրենց սահմանամերձ  գյուղը  մեկ օրով հայտվում է ամբողջ հայության ուշադրության կենտրոնում, իսկ հիմա նաև իրենք իրենց գյուղում տեսնում են շատ օտարերկրացիների:
Մեր քաջարանցի երիտասարդները փառատոնին ներկայացան յուրօրինակ և անվադնական գաթայով, որը գրավեց ոչ միայն տեղացիների ուշադրությունը։ Մեր գաթայով հետաքրքրվեցին նաև զբոսաշրջիկները, եղան նաև այն գնելու առաջարկներ, բայց մենք չհամաձայնվեցինք այն վաճառել, որովհետև դա սոսկ գաթա չէր, որ թխված էր միայն ցուցահանդեսին մասնակցելու համար։ Գաթայի մեջ դրված էր մետաղադրամ և ուտելիս մետաղադրամը ում կտորի մեջ ընկներ, նա էլ կլինի տարվա երջանիկ ու հաջողակ աշակերտը։ Ինչ խոսք , բոլորն էլ գաթան համտես էին անում այն հույսով, որ բախտն իրենց կժպտա, բայց մետաղադրամը մեկն էր և այն հայտնվեց Ծովինարի բաժին գաթայի մեջ։ Ծովինարին մաղթենք հաջողակ տարի և անցնենք առաջ։
Երեխաները հուշանվերներ գնեցին, մասնակցեցին ցուցահանդես-  վաճառքին, երգ ու պարին, ինչի համար ևս արժանացան զբոսաշրջիկների ուշադրությանն ու հիացմունքին։
Երեխաները եղան նաև Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում։
Վերադարձի ճանապարհը լի էր հետաքրքիր ու զավեշտալի դեպքերով, որոնքտասներորդցիների հուշերում դեռ երկար կմնան ու կջերմացնեն նրանց սրտերը։ Աշակերտներին ուղեկցում էին դասղեկ Սինարա Դավթյանը, տնօրեն Անահիտ Գևորգյանը, փոխտնօրեններ Թամարա Նանյանը, Ռուզաննա Շահնազարյանը, Նարինե Առաքելյանը, ուսուցիչներ Արմեն Հակոբյանը, Լիլիթ Հայրապետյանը և տասներորդ դասարանի ծնողական խորհրդի նախագահ Հասմիկ Նավասարդյանը:
Ճամփորդության համար տասներդորդցիները սրտանց շնորհակալ են Քաջարանի ԶՊՄԿ ՓԲԸ-ի տնօրենությանը:
Հ․Գ․ Մինչ նոր ճանապարհորդություններ։ Վստահ ենք՝ հաջորդը սարերի ետևում չէ։