Դպրոցի պատմությունը

027A1037

Դեռ  1963 թվականին Ողջի գետի աջ ափին մի հսկա հողաթումբ էր բարձրանում, որի շուրջը Կապուտջուղից գահավիժող փրփրաբաշ գետի կատաղի ալիքները հսկայական քարաբեկորներ էին կուտակել: Ու հենց այդ թվականին հռնդացին էքսկավատորները. դպրոցական շենքի հիմքն էին փորում:

1965 թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց 926 տեղանոց հինգհարկանի դպրոցական շենքը, նաև ֆիզկուլտուրայի դահլիճի մասնաշենքը: Դպրոցն ուներ 21 դասասենյակ, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, տնարարության դասասենյակներ: Առանձին սենյակներ կային տնօրենի, ուսմասվարի և բժշկի համար:

Դպրոցի առաջին հարկում տեղավորված էին փայտամշակման, մետաղամշակման արհեստանոցները: Ստեղծվեց դպրոցի գրադարանը: Դպրոցն ուներ նաև ընդարձակ ճաշասրահով բուֆետ:

Շատ հուզառատ էր 1965 թվականի սեպտեմբերի 1-ը: Այդ օրը առավոտյան ժամը 7.30-ին դպրոցի բոլոր աշակերտները, ծնողները, դպրոցական շենքը կառուցած շինարարները, շրջանային թերթի և ռադիոյի աշխատակիցները հավաքվել էին դպրոցամերձ հրապարակում:

Դպրոցի առաջին տնօրեն Արտաշես Կարապետյանը շնորհավորեց աշակերտներին՝ կրթությունը նոր ու հարմարավետ դպրոցական շենքում ստանալու կապակցությամբ: