Ոսկեզօծ ճանապարհով դեպի Էջմիածին

Աշունը տարվա ամենագունառատ եղանակն է, բայց որ նրա երկու օրն է՛լ ավելի գեղեցիկ և անմոռանալի կդառնար 10-րդցիների համար չէր պատկերացնում ոչ ոք:
Հոկտեմբերի 28-ին կազմակերպել էինք ուղևորություն դեպի Հայաստանի հայտնի տեսարժան սրբավայրերը:
Ճանապարհորդությունը ճանաչողական և ուսուցողական նպատակ ուներ: Նախապես նյութեր էինք հավաքել տարբեր հոգևոր կենտրոնների մասին, կատարել էինք աշխատանքի բաժանում:
Առաջինը եղանք Էջմիածնի Մայր Տաճարում, մոմեր վառեցինք, եղանք թանգարանում, որտեղ պահվում են տարբեր ժամանակաշրջանների հոգևոր առաջնորդների հանդերձանքները, աջերը և մասունքները: Մայր Տաճարի մասին տեղեկություններ ներկայացրեց Ելենան: Նա ներկայացրեց Մայր Տաճարի բազմադարյան պատմությունից որոշ տեղեկություններ, ցուցադրեց նկարներ, որոնք փորձեցինք համադրել իրական տաճարի հետ:
Հաջորդ կանգառները Սբ. Գայանե և Սբ. Հռիփսիմե եկեղեցիներն էին, որոնք նույնպես իրենց անկրկնելի ճարտարապետական գեղեցկությամբ հիացրին մեզ: Եկեղեցիների մասին մեզ պատմեցին Օֆելյան և Ինգան: Օրն անցավ աննկատ, հուշերով լի:
Հաջորդ օրը եղանք Խոր Վիրապում, Նորավանքում, այցելեցինք Ջերմուկի տեսարժան վայրերը: Ամենուրեք բնության հրաշք գեղեցկությանը միաձուլվում էր մեր հիացմունքը, ուրախությունը, հրճվանքն ու զարմանքը: Իրոք, Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ…
Երկօրյա ճանապարհորդությունն ամփոփեց դասղեկ Ն. Խաչատրյանը: Նա նախ լսեց աշակերտների տպավորությունների մասին, և ինքն էլ կիսվեց իր տպավորություններով:
Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրինությանը և ԶՊՄԿ -ի ղեկավարությանը մեզ անմոռանալի, անկրկնելի, հուշերով լի օր պարգևելու համար: