Սյունիքի մարզի երիտասարդների մեդիա գիտելիքների զարգացում

Քաջարանցի  14-ից 18 տարեկան մի խումբ պատանիներ 2016 թվականը կամփոփեն մասնագիտական գիտելիքների պաշարով և հետաքրքիր ու հարուստ հիշողություններով:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության  երևանյան գրասենյակի և «Ծիածան  առաջնորդների  կրթական կենտրոնի» համատեղ ծրագիրը, որն իրականացվել է Կապանի, Քաջարանի և Մեղրիի պատանիների համար, յուրօրինակությամբ, կարևորությամբ ու բարդությամբ եզակիներից էր տարածաշրջանում, մասնավորապես, Քաջարանում:  «Սյունիքի մարզի երիտասարդների մեդիա գիտելիքների զարգացում» ծրագիրը մեկնարկեց հունիսին՝ ծանոթացում ծրագրի նպատակներին, մասնակիցների ընտրություն: Նշեմ, որ մասնակիցների ցանկում, ի ուրախություն ինձ,  ընդգրկվեցի նաև ես՝ Ծովինար Պապյանս: Ընդհանուր մասնակիցներս 15-ն էինք՝ 9 աղջիկ և 6 տղա, 13 հոգի Քաջարանի թիվ 1, 2 հոգի՝ թիվ 2 դպրոցի աշակերտներ:
«Ծիածան» ԱԿ-ի  ղեկավար՝  Սուսաննա  Մարտիրոսյանը մաղթեց դասընթացների հաջող ընթացք, իսկ մասնակիցներիս հորդորեց լինենք ակտիվ և ուշադիր:
Մեր առաջին դասն ու հանդիպումը դասընթացավարների հետ հուլիսի 7-ին էր:
Առաջին  իսկ  դասից  մեծ  ոգևորությամբ ու հետաքրքրությամբ խորասուզվեցինք  լրագրության  «աշխարհում»:    Բացահայտեցինք  մեդիաաշխարհը, սովորեցինք  տեղեկությունը մեկնաբանել և տեղեկություն ստեղծել, երևույթը ներկայացնելու համար կիրառել ժամանակակից տեխնիկան և տեխնոլոգիան, ծանոթացանք լրագրողական հմտություններին, ձեռք բերեցինք  ինքնավստահություն, համարձակություն, փոխվեց մեր  աշխարհայացքն ու մտածելակերպը: Մեդիաոլորտն այնքան գրավեց մեզ, որ կսեցինք հետաքրքրվել համայնքում տեղի ունեցող իրադարձություններով, իրականացվող միջոցառումներով:  Սկսեցինք նոր աչքերով նայել համայնքում առկա խնդիրներին ու դրանց լուծման անհրաժեշտությանը: Ստեղծվեց kajaran.wordpress.com բլոգը, որը  պարբերաբար թարմացվում էր և այժմ էլ շարունակում է լրացվել մեր պատրաստած հարցազրույցներով և տեսանյութերով: Դրանք տեղադրվում են նաև Qajaran News ֆեյսբուքյան էջում և դատելով դիտումների քանակից՝ կարելի է ասել, որ մեզ հաջողվում է հետաքրքիր և ճիշտ ներկայացնել ասելիքը:
Եղան բազմաթիվ հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների, բնապահպանության, կրթության, սպորտի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ: Կազմակերպվել են այցելություններ «Սոսի» հեռուստատեսություն, «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի գրասենյակ, «ԶՊՄԿ» տնկարան, սեյսմիկ կայան:
Իսկ ծրագրի ավարտին կազմակերպիչները մեզ համար հաճելի անակնկալ էին պատրաստել՝ ճամփորդություն դեպի մայրաքաղաք Երևան: Նպատակն էր մասնակիցներին հնարավորություն տալ ծանոթանալու հեռուստատեսությունների գործունեությանը, մոտիկից շփվելու մեդիա դաշտում հայտնի անձանց հետ, ում մասին մինչ այդ լսել կամ, լավագույն դեպքում, տեսել էին միայն հեռուստաեթերում:
Տպավորիչ էին հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանի, Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի, Ազատություն ռադիոկայանի կայքի խմբագիր Արթուր Պապյանի, «Հայկական ՓԻ ԱՐ ասոցիացիայի»  նախագահ Աստղիկ Ավետիսյանի, Հ3 հեռուստաընկերության անձնակազմի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովի հետ հանդիպումները: Հանդիպումների ընթացքում ստացանք մեզ հուզող ամենատարբեր հարցերի պատասխանները: Մեր պատանիները աչքի ընկան իրենց գիտելիքներով ու բանիմացությամբ, տարբեր լեզուներով հաղորդակցվելու կարողությամբ:
Եռօրյա շրջագայությունից հետո տուն վերադարձանք նոր մտահղացումներով:
Նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Սյունիքի մարզի երիտասարդների մեդիա գիտելիքների զարգացում» ծրագրի ավարտական միջոցառումը: Ծրագրին մասնակիցներս ստացանք հավաստագրեր: Ծրագիրը համարվեց հաջողությամբ իրականացված և ավարտված:
Սակայն մեր թիմի աշխատասիրությունը, հետաքրքրվածությունը մեդիա ոլորտով և մեծ ցանկությունը համայնքի առօրյան լուսաբանելու, ինչպես նաև մեր դերակատարումն ունենալու համայնքի խնդիրների վերհանման ու լուծման գործում, որոշեցինք մեր դասընթացավարների հետ միասին, արդեն ծրագրի շրջանակներից դուրս, շարունակենք մեր գործունեությունը:
Կրկին հավաքվեցինք և որոշեցինք մեր հետագա անելիքները: Նախ կրկին մեզ մոտ հրավիրեցինք ԵԱՀԿ Կապանի գրասենյակի ղեկավար Արմեն Շահբազյանին, խնդրեցինք աջակցել մեդիախմբի հետագա գործունեությանը: Ստացանք նրա խորհրդատվությունն ու պատրաստակամությունը օգնելու համայնքում մեդիակենտրոն ստեղծելու համար:
Այս ուղղությամբ մեր հաջորդ քայլը համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ հանդիպումն էր: Քաջարանում մեդիակենտրոն ստեղծելու մեր ցանկությունը քաղաքապետին ևս հետաքրքրեց: Երկար զրուցելուց և քննարկելուց հետո քաղաքապետը հենց տեղում լուծեց տարածքի տրամադրման հարցը և խոստացավ օգնել կյանքի կոչել մեդիակենտրոն ստեղծելու գաղափարը:
Պատկան մարմինների այսօրինակ վերաբերմունքը էլ ավելի ոգևորեց և խրախոսեց մեզ, ինչի շնորհիվ մենք ավելի համարձակ ու վստահ կշարունակենք քայլել առաջ:

     Հեղինակ՝  Ծովինար  Պապյան